Այս անգամ Վաղոն գյուտարարի կերպարանք ուներ․
- Հարևան, օղորմածիկ հերըս մի բան գիտեր, որ ասում էր՝ ջրի շատանալը կտրվելու նշան ա։
- Ի՞նչ ա պատահել, Վաղո։
- Բա չտեսա՞ր՝ անձրևը շատացավ-շատացավ ու կտրվեց։
- Չգիտեմ՝ հերըդ ինչ առիթով ա էդ խոսքը ասել, բայց դա հաստատ անձրևի դեպքում չեն ասում։
- Լավ, էդ կարևոր չի, ես ուրիշ հարցով եմ եկել։
- Ի՞նչ հարցով։
- Տես՝ երբ Երևանը դառնում ա զիբիլանոց՝ ասում են, որ նման ա Հռոմին, չէ՞։ Նկատի ունեն, որ Հռոմն էլ ա կեղտոտ քաղաք։
- Կա էդպիսի բան։
- Իսկ երբ անձրևաջրերը գյոլ են կապում՝ ասում են, որ Երևանը դառել ա Վենետիկ, չէ՞։
- Հա, վերջերս շատ են ասում։ Հետո՞։
- Բա որ օրը մեջ իրար դանակահարում են ու պիսկում՝ ինչի՞ չեն ասում, որ Երևանը Պալերմո ա։
- Էդ մեկն էլ դու ասա, թող քեզնից դուրս գա։
- Չէ՛, ես ուրիշ բան եմ ասելու։
- Ի՞նչ բան։
- Որ Երևանը Ֆլորենցիա ա։
- Ինչո՞վ ա Ֆլորենցիա։
- Բանաստեղծներն ավելի շատ են, քան դանակահարողները։
- Վաղո, մի բան անցավ մտքովս։
- Ի՞նչ։
- Իտալիայում հողատուների քաղաք չկա՞։
- Չեմ հետաքրքրվել։
- Անպայման հետաքրքրվի։
Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ